ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Լավ գործերը նույնպես փոխհատուցվում են» (տեսանյութ)

«Լավ գործերը նույնպես  փոխհատուցվում են» (տեսանյութ)
18.07.2014 | 11:51

Հայաստանյան մամուլի և կինոաշխարհի ներկայացուցիչների համար իսկապես իրադարձություն էր հանդիպումը աշխարհին իր ֆիլմերով զարմացրած կորեացի ռեժիսոր Կիմ Կի-Դուկի հետ: Նրան ներկայացնող Միքայել Ստամբոլցյանն իրավացիորեն նկատեց, թե այնքան հանրահայտ դեմք է մեր հյուրը, որ նրա մասին բոլորն ամեն ինչ գիտեն և կարծես ի մոտո ճանաչում են այդ մարդուն:

«Այն ժամանակ, երբ աշխարհում շատ շատերը քիչ բան գիտեին Կորեայի մասին, հենց Կիմ Կի-Դուկի ֆիլմերով էր, որ ծանոթացան այդ երկրի կինոարվեստին, արվեստին` ընդհանրապես, կորեական կենցաղին, նիստուկացին, մենթալիտետին: Շատ հաճախ նրան մեղադրում են իր ֆիլմերում առկա դաժանության համար: Բայց, ինչպես ինքն է ասում, այդ դաժանության հետևում իր նուրբ սիրտն է և սերը մարդկանց հանդեպ. այդ ամենը ցուցադրվում է այն նպատակով, որ դաժանություն այլևս չլինի»,- նշեց Միքայել Ստամբոլցյանը:
Սկսած 1990-ականներից` Կիմ Կի-Դուկը կինոյում է, համաշխարհային կինոյի նշանակալից դեմքերի աստղաբույլում: Մարդ, որ հետաքրքիր է ոչ միայն կինոյում, այլև անմիջական շփման մեջ, հատկապես իր ազգային երգը կատարելիս:
«Գիտեմ, որ Հայաստանում իմ ֆիլմերը շատերն են դիտում, շատերն են հետաքրքրված դրանցով: Այդ առիթով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ»,- սա հանճարի համեստության օրինաչափ դրսևորումն էր Կիմ Կի-Դուկի խոսքում: Նա, որ մինչև Հայաստան գալը ոչինչ չի իմացել Հայաստանի մասին և միայն համացանցային տեղեկատվությանն է ապավինել` մեր երկրի ու մեր մասին փոքրիշատե պատկերացում կազմելու համար, ընդամենը երկու օրում հասցրել է քայլել Երևանի փողոցներով, լինել սուպերմարկետի վերածված Փակ շուկայի շրջակայքում, Կասկադում և խորաթափանց մարդու և արվեստագետի աչքով նկատել մեր երկրում առկա աղքատության շունչը, հայ և կորեացի ժողովուրդների ճակատագրերում եղած ընդհանրությունները: «Այսօրվանից սկսած` շատ կկարդամ և շատ բաներ կիմանամ Հայաստանի մասին»,- ասես արդարանում է ֆենոմենալ այդ անձնավորությունը, որի կյանքն անհավանական շրջադարձերի պատմություն է: Երբեք դպրոց չհաճախած (նրա կարծիքով` առանց դպրոց գնալու էլ կարելի է լուրջ հաջողության հասնել), ծանր ֆիզիկական աշխատանքի լծված, զրկանքների մեջ ապրած Կիմ Կի-Դուկն իր կյանքում առաջին անգամ մեծ էկրանի վրա կինո է դիտել երեսուներկու տարեկանում: Եվ ի՞նչ: Ընդամենը պարզ բանականության մեջ չտեղավորվող փաստ, անվիճելի ճշմարտություն. մարդը 20 տարում նկարել է 19 ֆիլմ: Եվ 2003-ին, «Ոսկե ծիրանի» ապագա կազմակերպիչների հետ հանդիպելուց 11 տարի անց, ժամանել է Երևան և այնքան կապվել Հայաստանի ու հայկական միջազգային կինոփառատոնի հետ, որ ի լուր բոլորի հայտարարում է. «Եթե նոր ֆիլմ ունենամ, անպայման այն կբերեմ Երևան»:
Միքայել Ստամբոլցյանը պատմեց Կիմ Կի-Դուկի հետ «Ոսկե ծիրանի» ապագա հիմնադիրների հանդիպման և ծանոթության մասին: Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված են եղել Հարություն Խաչատրյանի «Վավերագրողը» և Կիմ Կի-Դուկի «Առափնյա պարեկը» ֆիլմերը: FIPRECI-ի ժյուրին գլխավորել է Սուսաննա Հարությունյանը, ում ձեռքից էլ Կիմ Կի-Դուկն ստացել է իր մրցանակը: Այդ ժամանակից են ոսկեծիրանցիները երազել Երևանում միջազգային կինոփառատոն ունենալու և երբևէ Կիմ Կի-Դուկին այդ փառատոնին հյուրընկալելու, մեծ էկրանին հայ հանդիսատեսի համար նրա բարձրարվեստ ֆիլմերը ցուցադրելու մասին: Միքայել Ստամբոլցյանը խոստովանեց, որ անչափ գոհ է և երջանիկ, որ այդ երազանքն այս տարի դարձել է իրականություն:
Կիմ Կի-Դուկի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը զարդարում է «Ոսկե ծիրանի» այս տարվա ծրագիրը: Բայց այստեղ նրան ճանաչում ու սիրում են նաև նախկինում այդ ֆիլմերը տեսած մարդիկ: Դա էր պատճառը, որ արվեստագետին ուղղված հարցերը բազմաթիվ էին ու բազմաբնույթ:
Իմ հարցն առնչվում էր նրա «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ… և նորից գարուն» ֆիլմին, որը հավաստում է այն ճշմարտությունը, թե մարդու գործած բոլոր վատ, դաժան արարքները վերադառնում են հենց իրեն, դառնում նրա դժբախտությունների, դառնությունների պատճառը: «Ըստ Ձեզ` փոխհատուցումը կայանում է միայն չար, դաժան արարքների՞ դեպքում, մարդու բարի, աստվածահաճո արարքները մնում են անհետևա՞նք, չե՞ն փոխհատուցվում»,- հարցրի իմաստուն կորեացուն:
«Ես այդ ֆիլմում չեմ ցանկացել ցույց տալ, թե վատ արարքը պատժվում է, և լավը չի տալիս ինչ-որ արդյունք: Քանի որ ֆիլմում տարվա եղանակներն են` գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նորից գարուն, ըստ այդ հերթագայության էլ զարգանում է ֆիլմը: Ինչպես տարվա եղանակներն են փոփոխվում, այնպես էլ, կյանքի բերումով, մարդն է փոփոխվում: Եվ մարդը, այդ փոփոխություններին ենթարկվելով, ապրում է իր կյանքը: Դա ուղղակի մարդկային կյանքն է: Ես փորձել եմ այդ կյանքը ցույց տալ ֆիլմում, պատմել, թե իրականում ինչպես է ապրում մարդը: Ինձ համար դա շատ ավելի կարևոր է: Բայց, իմ կարծիքով, լավ արարքները նույնպես անհետևանք չեն մնում մարդու կյանքում: Լավ գործերը նույնպես փոխհատուցվում են»,- այս էր նրա պատասխանը:
Կիմ Կի-Դուկը Երևանից հեռացավ` իր հետ տանելով «Ոսկե ծիրանի» բարձրագույն կինոպարգևը` «Փարաջանովյան թալերը», և Մինաս Ավետիսյանի գրաֆիկական աշխատանքներից մեկը: Իսկ հայաստանցի արվեստասերները իրենց հուշերում ամբարեցին ևս մեկ իրադարձային երևույթի հետ շփման դրվագները, որոնցով տարեցտարի հարստանում է «Ոսկե ծիրանի» շուրջը համախմբված մարդկանց կենսագրությունը:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Տեսանյութ

Կիմ Կի-Դուկ. 11-րդ «Ոսկե Ծիրանի» իրադարձային երևույթը
Դիտվել է՝ 1604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ